ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը

09.05.2019

Մայրաքաղաքում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Բազմաթիվ քաղաքացիների հետ քայլերթին միացել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ:
Քայլերթի մասնակիցների ձեռքում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարներն էին: Քաղաքապետ Հայկ Մարությանը քայլերթին մասնակցում էր պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարը ձեռքին:
«Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որը 1941թ.-ին մեկնել է պատերազմ՝ մինչև 1945թ.-ի ամառը և, փառք Աստծո, վերադարձել տուն: Սա ինձ համար շատ կարևոր է, ես հպարտ եմ թե իմ պապիկով, թե մեր հայ ազգի բոլոր հերոսներով, ովքեր շատ մեծ ներդրում ունեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում»,- նշել է քաղաքապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից մեկնարկած քայլերթը շարունակվել է մինչև Կիրովի անվան մանկական զբոսայգի: Քաղաքապետ Մարությանը հանգստի գոտում ծաղիկներ է խոնարհել Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս օդաչուի հիշատակին:
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player