«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը

15.07.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը:
Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին ու յուրօրինակ: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաև ձմերուկի անվճար հյուրասիրություն:
Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաև բազմապիսի խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և հետևել խաղ-մրցույթների ընթացքին:
Ձմերուկի 5-րդ փառատոնն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ելույթ են ունեցել հայկական հանրաճանաչ ու սիրված երաժշտական խմբեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ