Ֆուտբոլի մրցաշար. երևանյան դպրոցներին տրամադրվել է մարզական գույք

26.05.2016

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներին տրամադրել է մարզական գույք` ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք: Նախաձեռնությունը նշանավորվել է մայրաքաղաքի վարչական շրջանների հանրակրթական դպրոցական թիմերի միջև անցկացված ֆուտբոլի մրցաշարով: Ավան վարչական շրջանի համար 171 հիմնական դպրոցի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 162 հիմնական դպրոցի թիմերի մասնակցությամբ կայացած եզրափակիչ խաղին քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների պետերի հետ ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Մինչ խաղի մեկնարկը ողջունելով եզրափակիչ հասած թիմերին ու մարզիչներին՝ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ ՀՖՖ–ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում ՀՖՖ կողմից երևանյան դպրոցներին նվիրաբերած մարզագույքը խթան կհանդիսանա ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերը դպրոցներում ավելի հագեցած ծրագրով անցկացնելու համար:

 Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ ևս կնպաստի վարչական շրջաններում կազմակերպվող մարզական տարաբնույթ միջոցառումների պատշաճ անցկացմանը, որում ներգրավվում են տարբեր տարիքային խմբերի հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ: ՀՖՖ մրցավարական անձնակազմի կողմից սպասարկվող ֆուտբոլային հանդիպման եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականների «Սիամանթո» թիմը: Հաղթական գավաթը թիմի ավագին հանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Դպրոցական թիմերին հանձնվել են նաև մարզագույք և խրախուսական մրցանակներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին