Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցվել է ապօրինի շինարարությունը

08.06.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինաշինությունը: Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն: Ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով: Ապօրինաշինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:

 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Քանի որ նշված տարածքը առերևույթ կարող էր ընդգրկված լինել ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումնների ցանկում և սեփականաշնորհված լիներ որոշակի խախտումներով, Երևանի քաղաքապետարանը նյութեր է նախապատրաստում դատախազություն դիմելու և տարածքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելու և քրեական գործ հարուցելու նպատակով։

Տեսանյութ

Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցվել է ապօրինի  շինարարությունը