Համատիրությունները ծանոթանում են «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին

09.10.2018

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային խումբը մեկնարկել է համատիրությունների ղեկավարների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվում են ծրագրի նպատակները, իրագործման ընթացքն ու ակնկալվող արդյունքները: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: Նախատեսվում է բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կազմակերպված հանդիպմանը քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը համատիրությունների ղեկավարներին մանրամասն ծանոթացրել է ծրագրում ընդգրկվելիք շենքերի ընտրության չափորոշիչներին, ինչպես նաև այդ նպատակով հատուկ մշակված հարցաշարերի լրացման կարգին: Արդյունքները կգնահատվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: Մինչ այդ տարբեր մասնագետների կողմից կկազմակերպվեն նաև տեղում այցեր:
Նշենք, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն նաև մյուս վարչական շրջաններում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին