Համայնքային գույքը գողանալու և վնասելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության

09.03.2020

Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութում, որում անհայտ անձինք գողանում են Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհ փողոցների ստորգետնյա անցումի լամպերը: 

«Անընդհատ քաղաքացիներից զանգեր էինք ստանում, որ անցումը լուսավորված չէ: Շաբաթը մեկ քանի անգամ նոր լամպեր էին տեղադրվում «Երքաղլույս» ընկերության կողմից: Սակայն ահազանգերը շարունակվում էին»,- պատմում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Այսօր տարածքում նաև հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը: Սա համայնքային գույքը գողանալու կամ վնասելու միակ դեպքը չէ:
«Մոտ մեկ շաբաթ առաջ Կոմիտասի անվան զբոսայգում քաղաքացիները կոտրել էին աղբամաներն ու թափել աղբը»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:
Անցած տարի ու նաև այս օրերին շատ են քաղաքային աղբարկղերն ու աղբամաններն այրելու դեպքերը: Անզգուշություն, թե՞ դիտավորություն: Երկու դեպքում էլ օրենքը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում՝ քրեական:
«Բացի այն, որ ամբողջությամբ պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե պարզվում է, որ այն գերազանցում է 5 հազար դրամը, ապա, դիմումի հիման վրա, կարող են հարուցվել քրեական գործեր»,-մանրամասնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը:
2019 թվականին ոստիկանությունը Երևանում արձանագրել է պետական գույքի գողության և վնասելու 41 դեպք, բացահայտվել է 13-ը: 2020-ի 6 դեպքերից 3-ը բացահայտված են: Դրանց մի մասը եղել է անզգուշության հետևանքով, մի մասը՝ դիտավորությամբ: Հիմնական թիրախները ստորգետնյա անցումներն են, վերելակները:
«Ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվում է նաև ամենօրյա հսկողություն: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում ենք նաև որոշակի վայրերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը»,- հավելում է Նարեկ խաճատրյանը:
Քաղաքային գույքը՝ ճանապարհային նշանները, հենապատերն ու եզրաքարերը հաճախ վնասվում են անզգույշ վարորդների պատճառով և ճանապարհային վթարների ժամանակ:
Երևանի քաղաքապետրանը հորդորում է քաղաքացիներին խնամքով օգտագործել և պահպանել քաղաքին պատկանող գույքը. չէ՞ որ այն ձեռք է բերվում նաև քաղաքացիների վճարումների շնորհիվ և ծառայում է բոլորին:

Տեսանյութ

Համայնքային գույքը գողանալու և վնասելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության