ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Համայնքային գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը շրջայց է կատարել

16.06.2022

Երևանյան գրադարաններում իրականացվող ծրագրերին ու առկա խնդիրներին ծանոթնալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն այցելել են Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղեր:

Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ Լևոն Հովհաննիսյանն ու Արմեն Գալջյանը շրջել են գրադարաններում, տեղում քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:
Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ իրականացված ծրագրերը, իսկ Ջ. Բայրոնի անվան արվեստի, գրականության գրադարան-մասնաճյուղում քննարկվել են մաշված և արդիականությունը կորցրած գրականության դուրսգրման գործընթացը կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու նախաձեռնությունները:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ոլորտի զարգացմանը միտված քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Քաղաքային իշխանության նպատակն է, որ համայնքային գրադարանները հանդես գան ոչ թե իբրև զուտ տեղեկատվական միջնորդ կամ պարզապես գրքերի պահոց, այլ դառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ, ստեղծարար մտահղացումների վայր: Բացի այդ, բարեփոխումների շնորհիվ գրադարաններում կձևավորվի գիտական ու կրթական այնպիսի միջավայր, որտեղ բնակիչներին կմատուցվեն ժամանակակից ծառայություններ և վերջիններս կկարողանան լիարժեքորեն բավարարել մտավոր և մշակութային զարգացման իրենց պահանջմունքները:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x