ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հանդիպում-քննարկում բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

22.03.2016

 Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաև բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են վերջին տարիներին մայրաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկերի արդյունքները, այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա անելիքները: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ հատկապես տպավորիչ են ծառերի կպչողականության ցուցանիշները, որոնք առանձին ծառատեսակների դեպքում հասնում են 90 տոկոսի: 

 Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները նկատել են, որ դա ոչ միայն բացառապես ոռոգելի տարածքներում կազմակերպված ծառատունկի, այլև մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառատեսակների ճիշտ ընտրության արդյունք է: Ապրիլի 9-ին ծառատունկ կանցկացվի նաև Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակում, «Հաղթանակ» զբոսայգում և բուսաբանական այգում:
 Անդրադառնալով ծառերի գարնանային էտի աշխատանքներին` քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է, որ գործընթացը սկսվել և շարունակվում է բոլոր ագրոկանոններին համապատասխան: Ներկայում ընթանում են ծառերի ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաև խորը էտի կամ այսպես կոչված երիտասարդացման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների, հատկապես թեղիների ու սոսիների դեպքում, ծառերի կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ խորը էտը ծառերի ճնշող մեծամասնության դեպքում գերազանց արդյունք է ապահովել:
 Հանդիպման ընթացքում խոսվել է նաև նախորդ տարի ամռան տապի հետևանքով հրդեհված առանձին տարածքների բուսականության վերականգնման և մայրաքաղաքի կանաչապատման ընդհանուր ծավալների տարեկան աճի, ըստ այդմ առաջիկա անելիքների, նորարարական մոտեցումների մասին: Բնապահպանության վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ծառեր ու թփեր տրամադրել ապրիլի 9-ի շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցելու պատրաստակամություն հայտնած բոլոր կազմակերպություններին: ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ակտիվորեն ներգրավվելու են ինչպես շաբաթօրյակի, այնպես էլ ծառատունկի աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով հանդիպում-քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player