Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելը կանխարգելելու ուղղությամբ

29.05.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շաբաթ օրը կայացած համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբի հավաքման ու տեղափոխման լայնածավալ աշխատանքներ են կատարվել ողջ մայրաքաղաքում ու հատկապես այն վայրերից, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ: Նաև զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 9 վարչական արձանագրություն: Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին և կառույցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների համապատասխան բաժիններին հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շարունակել խստացված հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելը կանխարգելելու ուղղությամբ:

«Իսկապես շնորհակալ եմ մեր բոլոր այն համաքաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք ամեն անգամ ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակներին: Բայց միայն մաքրելով Երևանի մաքրության խնդիրը մենք հաստատ չենք լուծի: Պետք է նաև հետևենք քաղաքը մաքուր պահելուն ու խստորեն կիրառենք օրենքով սահմանված բոլոր քայլերը, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքին: Այսօր լուրջ խնդիր ունենք մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու հետ կապված: Բոլորին է հայտնի, որ Սիլիկյան թաղամասի վերջնամասում ունենք շինարարական աղբի համար նախատեսված համապատասխան աղբավայր, որտեղ և պետք է այն տեղափոխվի: Եվ ուրեմն խիստ վերահսկողություն սահմանեք բոլոր այն վայրերում, որտեղ նկատվում են շինարարական աղբի կուտակումներ: Այս հարցում ակնկալում եմ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աջակցությունը, որպեսզի համատեղ ուժերով վերացնենք արատավոր այս երևույթը՝ օրենքով սահմանված կարգով պատժելով բոլոր իրավախախտներին: Ի վերջո, Երևանում պե՛տք է ձևավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում աղբ չթափեն՝ գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվելու են: Եվ սա վերաբերում է ոչ միայն շինարարական, այլ նաև կենցաղային աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու պարբերական շրջայցերը և, համագործակցելով ՃՈ հետ, ուշադրության կենտրոնում պահել շինհրապարակներից դուրս եկող մեքենաների պատշաճ մաքրության ապահովման պահանջի կատարումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ