Հանձնարարվել է մեկնարկել ծառերի սանիտարական էտը

05.03.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, բարեկարգման, գույքի նորոգման աշխատանքները, ինչպես նաև ներքին շաբաթօրյակները։ Աշխատակազմի բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու առաջարկություն ներկայացնել՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ: 

Աշխատակազմի բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին տրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեկ այլ հանձնարարականով մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում կսկսվեն ծառերի էտման աշխատանքները՝ համագործակցելով բնապահպանների և համապատասխան մասնագետների հետ ու նախապես ապահովելով հանրության իրազեկումը: Քաղաքապետը հանձնարարել է նաև խստացված հսկողություն սահմանել սանիտարական էտի անվան տակ ապօրինի ծառահատման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ