Հյուսիսային պողոտայում բացվել է ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

10.12.2016

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։
Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև քաղցրավենիք։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերը, նշել է, որ տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է և, դառնալով ավանդական, իր ուրույն տեղն է զբաղեցնում Երևանի ամանորյա տոնական միջոցառումների ցանկում։
«Վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորվում է քաղաքային մի նոր մշակույթ: Այս տոնավաճառը ևս դարձել է սպասված իրադարձություն մեր համաքաղաքացիների համար, որը տոնական ու հետաքրքիր մթնոլորտ է ստեղծում մայրաքաղաքում: Նշեմ նաև, որ Ամանորին ընդառաջ ու մինչև հունվարի 13-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում նախատեսվում են տոնական տարբեր միջոցառումներ»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13։00-ից մինչ 22։00-ն։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ