Ինչու՞ են ցերեկվա ժամերին լուսատուները վառ. վերացվում են վթարները

19.08.2019

Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 65 հազար լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5 հազար լուսակետ: Արտաքին լուսավորության համակարգում այս տարի զգալի փոփոխություններ են սպասվում: Երևանի երկու վարչական շրջան ամբողջությամբ կլուսավորվի էներգախնայող LED լուսատուներով: 

«Բյուջեով հատկացրել ենք 110 մլն դրամ և քաղաքի համաչափ զարգացման ծրագրով պատրաստվում ենք լուսավորության փոփոխություն իրականացնել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններում, Հալաբյան և Կիևյան փողոցներում: Արդեն մեկնարկել է մրցույթը և ամեն ինչ պետք է անենք, որ մինչև դեկտեմբերի 31-ը համալիր՝ ամբողջությամբ լուսավորությունը վերափոխենք»,-նշում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով տնտեսված միջոցների հաշվին մայրաքաղաքում տարեցտարի ավելանում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը:
«Այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 655 մլն դրամի տնտեսում է եղել: Այս նոր ծրագրով ակնկալվում է, որ տարեկան 45 մլն դրամի տնտեսում կունենանք, որը կուղղենք այլ փողոցների լուսավորությանը»,-ասում է Հրաչյա Սարգսյանը:
Վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով տարվա ընթացքում ամբողջությամբ ավարտվել է Կիևյան կամրջի, Շիրակի և Բաբաջանյան փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Շուրջ 620 նատրիումային լամպերի փոխարեն տեղադրվել են ժամանակակից, էներգախնայող 350 լուսադիոդային լուսատուներ, որոնք, իդեպ, կարող են ծառայել մինչև 50 հազար ժամ:
«Վստահություն կա մեր համագործակցության և արդյունավետության մեջ: Մենք մինչև հիմա փողոցներում փոխել ենք մոտավորապես 1500-1600 լամպ, հիմա նույնն անելու ենք թաղամասերում: Արդեն պայմանագիրը ստորագրված է: Դա տնտեսման և բյուջեից նոր տրամադրումների հաշվին է, որովհետև դա ցույց է տալիս, որ բյուջեն կարելի է ավելի ճիշտ տնօրինել»,- նշում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:
Ծրագրի շնորհիվ քաղաքը ոչ միայն էլեկտրաէներգիա է խնայում, այլև բարելավվում է լուսավորությունը: Իսկ ավելի վառ լուսավորությունը նաև ավելի անվտանգ է դարձնում գիշերային երթևեկությունը:
Եթե մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ կան՝ մի շտապեք եզրակացնել, թե պատասխանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել լույսերը: Իրականում, խնդիրը տեխնիկական է: Վերացվում են վթարները:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ընկերությունն այս տարի մայրաքաղաքում սկսեց մալուխային տնտեսության գույքագրումը:
«Երկու վարչական շրջանները տարեկան 60 մլն-ից ավել մուտք են ապահովում: Դա մեր ընկերության համար շատ լուրջ գումար է, և այդ գումարներով մենք բավական մեծ ներդրումներ կարող ենք անել»,-նշում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:
Համակարգում առանցքային փոփոխությունները շարունակական են: Ի հավելումն, Եվրոպական Միության, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրով Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն:
Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը 70 փողոցում նաև հետիոտնային անցումների լուսավորման նախագիծ է պատրաստում: Ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որորոնցում վերջին տարիներին վրաերթերը հաճախակի են եղել:

Տեսանյութ

Ինչու՞ են ցերեկվա ժամերին լուսատուները վառ. վերացվում են վթարները