Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

12.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտելու այն ուղիները, որոնցով բրիտանական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները:


Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման բնագավառներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների առնչությամբ:

Լուսանկարներ