Քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել

16.01.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը համայնքային ենթակայության մի քանի ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Ներկայացված 25 հայտից հունվարի 15-ին կայացած մրցույթին մասնակցել է 19 քաղաքացի: Արդյունքում «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը, իսկ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝ Արման Իսկանդարյանը: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Միքայել Ադամյանը և Գարեգին Սարգսյանը, որոնցից մեկին Երևանի քաղաքապետը եռօրյա ժամկետում կնշանակի տնօրեն: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան», «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ների տնօրենների համար հայտարարված մրցույթում հաղթողներ չեն եղել: «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ չի ներկայացվել:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին