Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններն աշխատում են հստակ աշխատակարգով

03.02.2016

Փետրվարի 1-ից՝ ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկից, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում, ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, սահմանված է եղել սպասարկող անձնակազմի հերթապահություն: Նշենք, որ ջեռուցման համակարգերը գործել են ձմեռային ամբողջ արձակուրդի ընթացքում:
«Չնայած հանգամանքին, որ ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաև երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայնիվ, նաև ինքներս ենք լինում տեղերում և անձամբ համոզվում: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաև բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով»,-ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին