ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կանչն ընդունված է. շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները և չկանչեն լամպ փոխելու

08.02.2019

Շուրջօրյա աշխատանք, արագ արձագանքում, վայրկյանների ընթացքում կենսական որոշում կայացնելու հմտություն, փրկվող մարդկային կյանքեր: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով:

Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:
«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որպեսզի կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700 - 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Ընկերության հիմնական նպատակն անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:
Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու գործում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ի դեպ, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով:
«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Ընկերության օրակարգային խնդիրները. Երևանի քաղաքապետարանն այսօր առողջապահության նախարարության հետ համատեղ հստակ քայլեր է ձեռնարկում:
«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և; ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Երկու կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ ոլորտում արդյունքներն առաջիկայում ավելի նկատելի կդառնան, շատ կարևոր է նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը ծառայության աշխատանքի նկատմամբ:
Հարգելի՛ վարորդներ, հիշե՛ք, որ շտապօգնության մեքենաներին ճանապարհ զիջելը մարդկային կյանք փրկելու գործում ձեր ներդրումը կլինի:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player