«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէ. ազատենք հուշարձանը շինարարական աղբից

07.03.2019

«Ազատենք «Կարմիր բլուր» հուշարձանը շինարարական աղբից». սա ոչ միայն կոչ է, այլև փետրվարից մեկնարկած նախաձեռնություն:

Հուշարձանը շինաղբից մաքրելու նախաձեռնությունը տարբեր մասնագիտություններով, բայց խնդրի լուծմամբ հետաքրքրված 6 համախոհների գաղափարն է:
««Կարմիր բլուր» ասելով այսօր հասկանում են սերիալ կամ գերեզմանոց, մինչդեռ այն բացառիկ պատմամշակութային արժեք է: Մեր գլխավոր նպատական էր ստեղծել մի հարթակ, որը դարձավ մեր ֆեյսբուքյան էջը, և դրա միջոցով իրազեկել խնդիրների մասին: Շինարարական աղբը այդ խնդիրներից մեկն է», - նշում «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար, «Ազատենք «Կարմիր բլուր» հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնության հիմնադիր Միքայել Բադալյանը:
Ուրարտական քաղաք-ամրոցը խորհրդային տարիներին հայտնի զբոսավայր էր, 1990-ական թվականներին, ցավոք, անճանաչելի դարձավ: Շուրջ 36 հա տարածքի 6 հա-ն ամբողջությամբ ծածկվեց շինարարական աղբով:
Նախաձեռնության անդամները չափել ու հաշվել են՝ Կարմիր բլուրի տարածքն ամբողջությամբ աղբից մաքրելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 400 մեքենասարքավորում, 1 ամիս ժամանակ և շուրջ 15 մլն դրամ: Հուշարձանը աղբից ազատելու համար բացվել է հանգանակությունների հատուկ հաշվեհամար:
«Անհրաժեշտ գումարի գրեթե տասներորդ մասը հավաքել ենք: Շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, և ոչ միայն ֆինանսապես»,-նկատել է Միքայել Բադալյանը:
Նախաձեռնության բարձրացրած խնդիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հարցերի օրակարգում է: Այս մասին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն օրեր առաջ անձամբ տեղեկացրեց:
«Նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կարմիր բլուրը» ներառված էր քաղաքապետի նախընտրական ծրագրում, մեծապես հույսեր ենք կապում, որ քաղաքապետարանի աջակցությամբ խնդիրը կլուծվի»,-նշել է Միքայել Բադալյանը:
Աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Որպեսզի տեխնիկան չվնասի հուշարձանը տեղում կհսկեն հնագետները: Որոշ հատվածներում էլ աղբը կհավաքվի ձեռքով՝ կամավորների ուժերով:
Նախաձեռնությանը միացած Նարեկ Վան Աշուղաթոյանը Կարմիր բլուրի խնդրով զբաղվում է արդեն 10 տարի: Նրա խոսքով՝ հնավայրի մաքրումն ու վերականգնումը տարածաշրջանային կարևորություն ունի:
«Ընդհանրական խնդիր է դրված: Եթե մենք խոսում ենք Ուրարտուի մասին, դրա մասին խոսում են նաև մեր հարևանները: Եվ այստեղ հարց է, թե ով է Ուրարտուի ժառանգության կրողը և ինչպես է աշխարհին այն մատուցվում: Իսկ մատուցելու առաջին քայլը հենց Կարմիր բլուրն աղբից ազատելն է» ,-նշել է Նարեկ Վանը:
2700-ամյա պատմությամբ հուշարձանը պետք է ցանկապատվի, լուսավորվի, տեղադրվեն նստարաններ, ունենա նաև թանգարան: Պետք է լուծվի նաև  ամրոցի և մյուս կառույցների վերականգնման ու պահպանության խնդիրը: Կարմիր բլուրը միակ հուշարձանն է Հայաստանից, որն ընդգրկված է «100 խոշոր հնագիտական հայտնագործություններ» գրքում և հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն:
Նախաձեռնությանը միանալ կարող են բոլոր ցանկացողները:

Տեսանյութ

«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէ. ազատենք հուշարձանը շինարարական աղբից