Կոմունալ խնդիրները՝ քաղաքապետարանի ուշադրության կիզակետում

07.05.2019

Էրեբունի վարչական շրջանում ենք: Էներգամատակարարման ցանցում հերթական վթարը վերացնելու համար օպերատոր ընկերությունը քաղաքապետարանից մայթը քանդելու թույլտվություն էր ստացել: Վթարը վերացված է, հետևանքները՝ ոչ: Հետիոտնի և վարորդների դժգոհությունը տեղին է: Չնայած նախազգուշացումներին, որ աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին և որակով՝ շինարարական ընկերությունները չեն շտապում: 

«Սա մայրաքաղաքի առջև ծառացած հրատապ խնդիրներից է: Օպերատորներն աշխատանքներն իրականացնում են անկազմակերպ, անկանոն և անորակ: Մինչդեռ օրենսդրությամբ այս բոլոր խնդիրները կարգավորված են: Այստեղ ոչ մի զիջում չի լինելու»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական, կոմունալ ոլորտը համակարգող Կամո Արեյանը:
Քաղաքապետարանը հորդորում է՝ աշխատանքներն այսուհետ իրականացնել հատվածաբար և սահմանված ժամկետներում, այլապես քանդման թույլտվություններ մայրաքաղաքում չեն տրամադրվի: Ժամկետները խախտելիս էլ ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն:
Կենսապահովման ոլորտի կազմակերպությունները նաև զգուշացվել են՝ աշխատանքների բնույթի մասին հուշող ցուցատախտակներ պետք է տեղադրեն:
Մայրաքաղաքի կոմունալ խնդիրների շարքում են նաև շինարարական աղբի կուտակումները: Աղբավայրերի են վերածվել մայրաքաղաքի վարչական շրջանների անտառային նշանակության հողերը: Քաղաքային իշխանությունը բնապահպանական ու սանիտարական խնդիրը մտադիր է լուծել բնակիչների հետ համատեղ ուժերով:
«Միակ պայմանը շինաղբը Նուբարաշենի քաղաքային աղբավայր տեղափոխելն է: Ի դեպ, վարկային նոր ծրագրով այստեղ շինարարական աղբի մանրացում է նախատեսված: Իսկ շինարարական աղբով բեռնված մեքենաները նման վայրեր ուղղորդող բոլոր անձանց հորդորում և զգուշացնում ենք՝ դադարեցնել իրենց գործողությունները: Քաղաքային իշխանությունը լինելու է հետևողական և կոշտ: Դիմել ենք նաև ոստիկանություն՝ համատեղ հսկողություն սահմանելու համար»,-նշում է Կամո Արեյանը:
Շուրջ 2.8 մլրդ դրամ է այս տարի հատկացված բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանությանը. 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացում, տանիքների և մուտքերի նորոգում: Այս և կոմունալ ոլորտի մյուս աշխատանքները ժամանակին սկսելու և ավարտելու համար քաղաքապետարանն ակնկալում է բոլոր պատասխանատուների ամենօրյա աշխատանքը:
«Մեր հանդիպման նպատակը մեկն է՝ հետագա աշխատանքը դարձնել առավելագույնս համակարգված և արդյունավետ: Մարդու օրվա 80 տոկոսն անցնում է կոմունալ համակարգի միջով՝ սկսած տան մուտքից, վերելակից, այնուհետ՝ աղբահանություն, ջրամատակարարում, էներգամատակարարում, գազամատակարարում»,-նշում է Կամո Արեյանը:
Կոմունալ ոլորտի խնդիրները քննարկելու համար քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցեցին վարչական շրջանների ղեկավարներ, ստորաբաժանումների և կենսապահովման ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
Անդրադառնալով մայրաքաղաքի բնակիչներին հուզող աղբահանության և քաղաքի սանմաքրման խնդրին՝ Կամո Արեյանը կրկին զգուշացրեց «Սանիթեք» ընկերությանը: Ամռանն ընդառաջ՝ զգուշացվեցին նաև կրծողների դեմ պայքարողները՝ խստորեն պահպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված նորմերը:

Տեսանյութ

Կոմունալ խնդիրները՝ քաղաքապետարանի ուշադրության կիզակետում
Տեսնել ավելին