Մայրաքաղաքի մանկապարտեզներում ավարտական փուլում է գույքի բաշխման 2015 թվականի ծրագիրը

29.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները:
Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 160 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի թարմացումը: Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, մանկապարտեզները ստանում են նաև խոհանոցի կենցաղային նոր գույք: Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։
Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են: Մինչև տարեվերջ մանկապարտեզները կստանան նաև 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը` 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի պահպանման փայտե, տարբեր տարողությունների 561 պահարան։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ