Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով

19.05.2020

Մայրաքաղաքում շարունակվում է համալրվել էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Աշխատանքներն արվում են Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում տնտեսված միջոցների հաշվին: 

«Երևանում լուսավորության փոփոխությունն էներգախնայող լույսերով մեր նախընտրական խոստումներից է: Ամբողջ 2019թ. ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ իրականացվեցին. գույքագրում միջազգային դոնոր կազմակերպության հետ և համատեղ տարբեր ծրագրեր մշակվեցին, որոնք նախկինում եղել էին, ավելի կատարելագործվեցին, և մենք մեծ քանակությամբ էներգախնայող լուսատուներ ձեռք բերեցինք և փորձեցինք, ինչպես մեր բոլոր ծրագրերում ենք դա անում, համալիր լուծում տալ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հարչյա Սարգսյանը:


ԱՆՑՈՒՄ

Երևանի համաչափ զարգացման նախընտրական խոստումն այսօր գործնական փուլ է տեղափոխվել: 2020-ին ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով կլուսավորվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները: Ծրագիրն ավարտական փուլում է:
«Նախնական փուլում մենք Երևանի բյուջեից 100 մլն դրամ էինք նախատեսել և հաջորդ 100 մլն-ը պարտավորություն ունենք, որ կվճարենք էներգախնայողության հաշվին գալիք 5 տարիների ընթացքում: Այս ծրագիրն իր բովանդակությամբ եզակի է, կարծում եմ՝ հետագայում նույնպես մենք ՄԱԿ-ի հետ աշխատելով կկարողանանք ամբողջ Երևանում փոփոխություն իրականացնել»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:
«Քաղաքապետարանի համար դա լրացուցիչ բեռ չէ, տնտեսումներ են, որոնք միաժամանակ և որակ են ստեղծում, և տալիս են բոլոր առավելությունները էներգախնայողությունը գնահատելու և այդ մոտեցումները կիրառելու նաև այլ մունիցիպալ ծառայություններում»,- նշում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:
«Էն, ինչ որ դրվեց Նուբարաշենում և Դավթաշենում, եթե միայն դա հաշվի առնենք և հաշվի առնենք, որ միջինը օրեկան 4-5 ժամ կաշխատի համակարգը, դա կբերի բազային գծի համեմատ մոտավորապես 20 մլն դրամի տնտեսում: Պատկերացնում եք, որ հանգիստ 5 տարվա ընթացքում բոլոր ներդրումները կարող են իրենց գինը հանել»,- նկատում է ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի փորձագետ Արմեն Գուլքանյանը:
Ծրագրի ծավալների նկատելի ավելացումը երկու կառույցների հաջողված համագործակցության ու նախագծի արդյունավետ իրականացման արդյունք է: Փողոց առ փողոց կյանքի կոչվող ծրագիրն ընդլայնվեց ու քաղաքի երակներով տարածվեց՝ ապահովելով համալիր լուծումներ:
«2015թ.-ից սկսել էինք համագործակցել քաղաքապետարանի հետ, և այս 5 տարվա ընթացքում տեղադրել էին մոտավորապես 2400 լուսատու: Նոր ծրագրով նույն քանակի լուսատու է տեղադրվելու միաժամանակ»,- ասում է Դիանա Հարությունյանը:
«Մեր մեծ ծրագրի շրջանակում արդեն 1800 լուսատու փոխվել է երկու վարչական շրջանում, սպասում ենք, որ նաև 700 լուսատու կգա, նախապատրաստում ենք նաև 800 լուսատուի փոփոխություն, կարծում եմ, մինչև տարվա վերջ այդ լուսատուները կլինեն: Ընդհանուր առմամբ, որպես նպատակ կարող ենք արձանագրել և տարվա վերջին, երբ ամփոփենք 2020թ.-ին կատարված աշխատանքները, կունենանք մոտ 5000 լուսատուի փոփոխություն, որը համայնքին կտա հավելյալ խնայողություններ էներգիայի, որը հաջորդ տարի նույնպես կօգտագործենք վարչական շրջանների լուսատուների փոփոխման համար»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Ծրագրի շնորհիվ քաղաքը ոչ միայն էլեկտրաէներգիա է խնայում, այլև բարելավվում է լուսավորությունը: Իսկ ավելի վառ լուսավորությունը նաև ավելի անվտանգ է դարձնում գիշերային երթևեկությունը: Վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ընթացիկ տարում LED լուսատուներով կփոխարինվի նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցների, Գայի պողոտայի, Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքի, ինչպես նաև մի շարք այլ փողոցների արտաքին լուսավորությունը:
Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը նաև շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման նախագիծ է պատրաստել: Ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:
«Երկու շաբաթ առաջ մենք ստացանք անցումների համար հատուկ լուսատուները: Կարծում եմ՝ մինչև այս տարվա վերջ անցումներում կունենանք հատուկ տիպի լուսատուներ, որոնք կվառվեն ավելի երկար և դա կլինի մեր այն քաղաքականության շարունակությունը, որ մենք ցանկանում ենք Երևան քաղաքը լինի ավելի անվտանգ քաղաքացիների համար: Դա կլինի լուսացույցների ծրագրի շարունակություն»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:
Համակարգում առանցքային փոփոխությունները շարունակական են: Եվրոպական Միության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում էլ Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Ծրագրի շրջանակում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը:
Մութն ընկնելուն պես այսօր մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 65 հազար լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5 000 լուսակետ: Երևանը գեղեցիկ է օրվա բոլոր ժամերին: Բայց, ինչպես հայտնի քաղաքային երգում է ասվում՝ Երևանը հմայիչ է հա՛տկապես գիշերային ժամերին:

 

Տեսանյութ

Մայրաքաղաքի փողոցները շարունակում են համալրվել էներգախնայող լուսատուներով
Տեսնել ավելին