«Մեր ազգն անպարտելի է». հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

09.05.2019

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձերի առթիվ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ: Օրվա հերոս վետերանների ու ազատամարտիկների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգի են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ ու բազմաթիվ քաղաքացիներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների ու հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Տոնական օրվա միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կազմակերպված դաշտային խոհանոցում ճաշել է պատերազմի մասնակից վետերանների հետ, շնորհավորել նրանց մայիսյան եռատոնի առթիվ ու մաղթել առողջություն:
«Այսօր շատ կարևոր օր է, եռատոն է: Այն մեծ պատմություն է նաև հայ ժողովրդի համար, որն իր մեծ լուման է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում: Ես շատ հպարտ եմ, որ մեր ազգի ներկայացուցիչն եմ, որն այսքան հաղթանակներ է ունեցել: Մեր հետագա հաղթանակները, Արցախյան պատերազմը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայ ազգն անպարտելի է»,- լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքապետը:

Տեսանյութ

«Մեր ազգն անպարտելի է». հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Տեսնել ավելին