Նոր լուծումներ՝ քաղաքային կյանքում. անցկացվեց «Էներջի սիթի» հաքաթոնը

28.10.2021

12 ժամ՝ նոր ու ստեղծագործ մտքի համար: Երիտասարդ ծրագրավորողները, ինժեներներն ու տարբեր ոլորտներում սովորող ու աշխատող երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Էներջի սիթի» հաքաթոնի ընթացքում: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնությունն իրականացրեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակում:

 

«Հաքաթոնը հնարավորություն է երիտասարդների համար մասնակից դառնալու քաղաքի խնդիրների լուծմանը: Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն և աջակցություն կստանան զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:


«Քաղաքապետարանն այսօր հաջողությամբ իրականացնում է «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք», մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը, որոնք միտված են էներգաարդյունավետության, էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Էներգետիկ ու կլիմայի փոփոխության հետևանքով երկրներին առաջադրվող խնդիրները մենք կարող են միասին հաղթահարել՝ գտնելով լավագույն նոր լուծումները: Կայուն էներգիայի զարգացման ծրագրերն այս առումով մեծ կարևորություն ունեն»,-նշել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության-համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին:


Քաղաքային կանաչ լուծումներ, «կանաչ» տրանսպորտ, էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի օգտագործում, աղբի կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաները «կանաչ» տնտեսության զարգացման գործիքներ են: Թիմերի բաժանված մասնակիցներն աշխատեցին հենց այս թեմաների շուրջ՝ առաջարկելու բարեփոխումների լավագույն և նորարարական լուծումներ:


Հաքաթոնի ընթացքում ոլորտների առաջատար մասնագետներն իրենց փորձին ու գիտելիքներին հաղորդակից դարձրեցին մասնակիցներին:


Արդյունքներն ամփոփվեցին կեսգիշերին մոտ: Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն լուծումը» Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմինն էր: Երիտասարդները մեկ նախագծով միանգամից 3 լուծում էին գտել կլիմայական մարտահրավերին դիմակայելու, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և քաղաքի տրանսպորտային հոսքերը թեթևացնելու համար:


«Լավագույն նորարարական լուծում»-ն էլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի առաջարկն էր:


Էներգիայի շաբաթվա ընթացքում միջոցառումներ կանցկացվեն նաև դպրոցականների համար:

Տեսանյութ

Նոր լուծումներ՝ քաղաքային կյանքում. անցկացվեց «Էներջի սիթի» հաքաթոնը
Տեսնել ավելին