Նոր ու որակյալ գործիքներ՝ երաժշտական դպրոցներին

15.11.2021

Ռետինե մուրճեր, փայտե ձողիկներ ու երկաթե խողովակներ, որոնց հնչյունները ստեղծում են մարիմբայի երաժշտական առեղծվածը: Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այս գործիքի մասին միայն լսել էին կամ տեսել համացանցում: Հիմա արդեն կրթօջախը ոչ միայն մարիմբա, այլև մի շարք այլ նոր, թանկարժեք գործիքներ ունի:

 

«Հարվածային գործիքների մեծ դասարան ունենք, բայց նման գործիքի մասին նույնիսկ չէինք էլ երազում: Դպրոցի համար սա ոչ միայն կարևոր ձեռքբերում է, այլև առաջընթացի մեծ հնարավորություն»,-նշում է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անուշ Խաչատրյանը:


2021թ. ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք բերեց 18 անուն 103 հատ երաժշտական գործիք՝ հարվածային, լարային ու փողային:


«Յուրաքանչյուր տարի ձեռքբերվող գործիքների համար նախատեսված բյուջեն ավելանում է: Այս տարի 70 մլն դրամի չափով ենք գնում կատարել: Փորձում ենք նաև տեխնիկական այնպիսի բնութագրեր գրել, որ գործիքները լինեն որակապես բարձր և տասնամյակներ ծառայեն մեր երեխաներին»,-ասում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:


«Առաջին անգամ է, որ ստանում ենք, ոչ թե այն, ինչ մեզ համար գնել են, այլ այն, ինչ ինքներս ընտրել ենք՝ հոլանդական մարիմբա, գերմանական ջութակ: Իրականում սա անհավանական էր»,- նկատում է Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բարսեղյանը:


Երևանում գործում է համայնքային երաժշտական ու արվեստի 24 դպրոց: Հենց այս կրթօջախներն են իրենց ուսերին տանում երեխաների արտադպրոցական, գեղագիտական կրթության պատասխանատու գործը: Համայնքն իր հերթին, տարեցտարի համալրելով ու թարմացնելով երաժշտական գործիքները, բարձրացնում է ուսման որակն ու զարգացնում մասնագիտական կարողությունները:


Երաժշտական նոր գործիքներով կնվագեն կրթօջախների առավել օժտված ու շնորհալի, ինչպեսև սոցիալական անբարենպաստ պայմաններում հայտնված՝ գործիք չունեցող սաները:


«Սա մեծ օգնություն է թե ծնողին, թե դպրոցին, իսկ երեխաները նաև հնարավորություն են ունենում նվագախմբերում ելույթ ունենալ այս պրոֆեսիոնալ գործիքներով»,-ասում է Բ. Կանաչյանի անվան հ.17 արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրդյանը:

 

«Հինգ-վեց տարի այս ծրագիրն իրականացվում է, և այսօր արդեն երաժշտական դպրոցների հաշվեկշռում 1200 գործիք կա: Սա հնարավորություն է տալիս զարգացնել նաև, այսպես ասած, «մեռնող» գործիքները»,- ընդգծում է Գոշ Սարգսյանը:


Թե որքան կծառայեն երեխաներին նոր գործիքները՝ կախված է խնամքից: Լավ պահելու դեպքում սերնդեսերունդ էլ կփոխանցվեն: Հաջորդ տարի ևս երաժշտական դպրոցները կհամալրվեն նոր գործիքներով:

Տեսանյութ

Նոր ու որակյալ գործիքներ՝ երաժշտական դպրոցներին
Տեսնել ավելին