Նոր ուսումնական տարին` դպրոցներում և նախակրթարաններում

02.09.2019

Սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարի է: Երևանի հիմնական և միջնակարգ դպրոցներ է հաճախում շուրջ 98500 աշակերտ, որից 11860-ը՝ առաջին դասարանցիներն են:

Համայնքային դպրոցներում սպասվում են մի շարք նախաձեռնություններ: Արդեն սեպտեմբերից կրթօջախները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը:
«Քաղաքապետարանը քննարկում է բուֆետների միասնական ծրագրի ներդրումը: Միանման ձևավորմամբ, սպասքով և սննդի ցանկով՝ առանց կանխիկ դրամի շրջանառության: Մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ, պայմանով, որ խստորեն հետևեն սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Այս տարի աշակերտական պայուսակներն ավելի թեթև են: Մի շարք առարկաների դասագրքեր բաժանված են երկու մասի, իսկ 1-4-րդ դասարանցիների դասագրքերն անվճար են:
Ուսումնական տարին աշակերտներին խոստանում է լինել ավելի հետաքրքիր: Կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Առաջին անգամ դպրոցների միջև կանցկացվի «Սթարթափ սամիթ Երևանը»:


Մանկապարտեզների մասին


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի շենքն ու հողատարածքը դեռևս 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել բարեգործական հասարակական կազմակերպությանը: Այժմ կազմակերպության կողմից տարածքի օգտագործման իրավունքը դադարեցված է: Այս տարի քաղաքապետարանը որոշեց՝ այս և մի շարք այլ մանկապարտեզներ ու տարածքներ վերադարձնել համայնքին:
«Ընդհանուր առմամբ, մանկապարտեզների այդ տարածքները կազմում էին 11 հազար քմ, 6000 քմ արդեն վերադարձրել ենք, որն օգտագործվելու է որպես մանկապարտեզ» ,- նշում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Վերադարձված տարածքներում բացվում են նոր խմբեր: Հ.109 մանկապարտեզում ազատված տարածքներն արդեն զբաղեցրել են փոքրիկները: Սեպտեմբերից նրանց թիվը ևս կավելանա:
Նախադպրոցական կրթության ոլորտում բարեփոխումը քաղաքային իշխանությունը սկսեց տարեսկզբից: Ապրիլից ծնողներին մատչելի դարձավ նաև առցանց հերթագրման համակարգը:
Քաղաքապետարանը մշակում է ոլորտում մի շարք այլ բարեփոխումներ:

Տեսանյութ

Նոր ուսումնական տարին` դպրոցներում և նախակրթարաններում