Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով

14.09.2020

Քանի դեռ կորոնավիրուսային հիվանդությունն ամբողջությամբ չի նահանջել` նոր ուսումնական տարում դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն հատուկ կանոններով: Առաջին դասարանցի, թե բարձր. բոլորը դպրոց պետք է գան դիմակով: 

Դպրոցների բակերում և մուտքի մոտ գծանշումը երեխաներին կօգնի պահպանել պատշաճ հեռավորություն:
«Աշակերտները մուտք գործելիս ջերմաչափվում են, ախտահանում ձեռքերը: Եթե արձանագրվում է 37-ից բարձր ջերմաստիճան՝ անմիջապես մեկուսացվում է աշակերտը մեկուսարանում»,- ասում է Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոցի տնօրեն Արուսյակ Բաղդասարյանը:
Դպրոցներն այս տարի կգործեն 6-օրյա: 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն: Ամեն սեղանի մոտ կնստի 1 աշակերտ:
«Փորձել ենք պահպանել սահմանված հեռավորությունը: Աշակերտների մի մասը դպրոց կհաճախի կենտ, մյուսները՝ զույգ օրերին»,-նշում է դասվար Հռիփսիմե Խաչատրյանը:
Դասերի ժամանակ ու դպրոցում աշակերտները, ուսուցիչներն ու անձնակազմի մյուս անդամները կլինեն դիմակով: Դպրոցականներն իրենց հետ պետք է ունենան նաև լրացուցիչ դիմակ՝ 3-4 ժամը մեկ փոխելու համար: Եթե հանկարծ մոռացած կամ վնասած լինեն դիմակը՝ դպրոցը կտրամադրվի. պետությունն ու համայնքն արդեն հոգացել են դրանց առկայությունը:
Ամեն հերթափոխից առաջ բոլոր դասասենյակները կախտահանվեն և կօդափոխվեն: Բուֆետներն ու ճաշարանները չեն գործի: Աշակերտները գրատախտակին չեն մոտենա, դասամիջոցները կանցկացնեն դասասենյակներում, անհրաժեշտության դեպքում դուրս կգան հերթով: Միջանցքներում ևս կսահմանվի հսկողություն:
Ուսուցչանոցներում էլ կուտակումներ պետք է չլինեն:
Առողջապահության նախարարության սահմանած ժամանակացույցով բոլոր ուսուցիչները մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ կթեսթավորվեն: Նմուշառումն իրականացվում է պոլիկլինիկաներում:
Պարտադիր ջերմաչափում, ախտահանում, հեռավորության պահպանում. կանոնները գրեթե նույնն են նաև մանկապարտեզների համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մանկապարտեզ կհաճախեն սահմանափակ թվով երեխաներ: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 12 հոգի, որոնք, ի դեպ, մանկապարտեզ էին հաճախել դեռ նախորդ ուսումնական տարվանից: Առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային և տվյալ հաստատության աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կրթօջախներում նոր ու անսովոր պայմանները երեխաների առողջապահական անվտանգության և կրթության ապահովման համար են, սակայն կարևոր է նաև ընտանիքի դերը: Դպրոցում, մանկապարտեզում, ինչպես նաև տանը երեխաները պարտադիր կերպով պետք է ջերմաչափվեն: 37 և ավելի բարձր ջերմաստիճանի առկայության պարագայում հաստատություն հաճախելն արգելվում է:

Տեսանյութ

Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով