«Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթում լավագույններից 15-ը մայրաքաղաքի դպրոցներ են

13.06.2014

Ամփոփվել են «Dasaran.am» կրթական ծրագրի «Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթի արդյունքները։ Մրցանակների են արժանացել Հանրապետության 65 դպրոցներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 15 հիմնական դպրոց։ Հաղթած դպրոցների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, լավագույնը ճանաչված դպրոցների տնօրենները, ուսուցիչներ։ 

«Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցին միացած՝ Հայաստանի բոլոր համայնքների, ինչպես նաև մայրաքաղաքի 1363 դպրոցներ։ Հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը՝ ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը։
Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի նպատակն է խրախուսել դպրոցներում «Dasaran.am» կրթական ծրագրի տրամադրած էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը՝ այդպիսով ծնողների համար ապահովելով աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առավել բարձր շեմ։

Լավագույնը ճանաչված դպրոցները, պատվոգրերից բացի, ըստ մրցանակային տեղերի արժանացել են նաև բազմաթիվ պարգևների՝ համակարգիչների, գրքերի, խրախուսական այլ նվերների։ Մրցանակները տրամադրվել են ՀՀ վարչապետի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, «Նուռ քարտ» կուտակային ծրագրի կողմից։
Ի դեպ, 2014թ. ապրիլից «Dasaran.am» կրթական ծրագրին են միացել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցները։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ