«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը հանդիսավորապես մեկնարկեց

12.07.2015

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր։ Բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և փառատոնի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ միասին դիմավորել հյուրերին։ 

Կարմիր գորգի վրայով դահլիճ ուղևորվող հյուրերի թվում էին ինչպես հայաստանյան կինոյի ու թատրոնի բազմաթիվ անվանի գործիչներ, այնպես էլ արտերկրի ականավոր կինոգործիչներ։ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն են աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասիա Կինսկին։ Այս տարի փառատոնն ստացել է 1600 հայտ՝ 105 երկրներից: Կազմակերպիչների խոսքով՝ տարի առ տարի փառատոնը առավել մեծ համբավ է ձեռք բերում աշխարհում։
«Եկել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից և բերել են լավ ֆիլմեր. կարծում եմ, հանդիսատեսը գոհ կլինի։ Ամռանը շատ դժվար է փառատոն անելը, բայց Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, երևանցիները բարի մարդիկ են ու շատ լավ են ընդունում հյուրերին, հետևաբար, այս տոնը միշտ ստացվում է։ Եվ մենք շարունակում ենք կինոփառատոնը մեր հիմնական բարեկամների՝ Վիվասելի, Երևանի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության և մեր բոլոր բազմաթիվ ընկերների հետ, որ օգնում են այս փառատոնի կայանալուն։ Փառատոնը այսօր շատ կարևոր է, որովհետև այն ոչ միայն տոն է, այլ նաև կրթություն, տեղեկատվություն, հայկական կինոն աշխարհ հանելու ցանկություն։ «Ոսկե ծիրանը», կարծում եմ, Հայաստանն աշխարհին մատուցում է որպես քաղաքակիրթ, հետաքրքիր մի կենտրոն, որտեղ հավաքվում են տարածաշրջանի և աշխարհի լավագույն ֆիլմերը։ Փառատոնի բացման օրերը համընկնում են Վարդավառին, և մեր բոլոր հյուրերն այսօր ջրվեցին. Օռնելլա Մուտին էլ, Նաստասիա Կինսկին էլ: Մեր հյուրերը նաև սիրեցին մեր սովորույթները»,- նշել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրով հուլիսի 31-ի երեկոն նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի ընտրած ֆիլմերը կինոսերները կարող են դիտել Կարապի լճի բացօթյա էկրանին։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ