Փոխանակման ծրագրով Գերմանիայում էին Երևանի հ.6 և հ.60 դպրոցների աշակերտները

26.10.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է Հակոբ Կարապենցի անվան հ. 6 և Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, ովքեր գերմանական կրթական հաստատությունների հետ համագործակցության ծրագրով սեպտեմբերի 19-30-ը փոխանակման ծրագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին: 

13 աշակերտ 2 մանկավարժների ուղեկցությամբ եղել են Գերմանիայի Զաքսոն-Անհալթ երկրամասի Դրոյսիգի և Նաումբուրգ քաղաքներում: Աշակերտները հյուրընկալվել են Քրիստոֆորուս և Լեփսուսի անվան գիմնազիաների աշակերտների ընտանիքներում:
Հայտնելով տպավորությունները՝ աշակերտները նշել են, որ այցը հետաքրքիր, միաժամանակ արդյունավետ և բովանդակալից է եղել: Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացել են դպրոցների առօրյային, հանդիպում ունեցել Ռայխսթագի մի շարք պատգամավորների և Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ, ինչպես նաև այցելել են պատմամշակութային վայրեր:
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ գերմաներենի և առհասարակ լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների համար նմանօրինակ ծրագրերն առանձնահատուկ դեր և կարևորություն ունեն:
Աշակերտները նաև նշել են, որ հանդիպումների ընթացքում իրենք առիթը բաց չեն թողել՝ ներկայացնելու հայկական մշակույթն ու հարուստ պատմությունը:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին