Շարունակվում է վերահսկողությունը մայրաքաղաքի կրթական հաստատությունների սննդի որակի և ջեռուցման պայմանների նկատմամբ

23.01.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: 

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 57 վարչական արձանագրություն: Շարունակվում է հսկողությունը նաև ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը և ՃՈ հետ համատեղ իրականացնել վնասված ճանապարհային նշանների վերականգնման և նորերով կահավորման աշխատանքները:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների ընթացքի մասին: Հանձնարարվել է շարունակել խստացված վերահսկողությունը բոլոր ուղղություններով: Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գույքագրել ձմռան ընթացքում վերոնշյալ ոլորտներում արձանագրված վնասներն ու հետագայում միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները, ինչպես նաև փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգիս և փետրվարի 26-ին՝ Բուն Բարեկենդան եկեղեցական տոները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին