Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

13.05.2019

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ավարտվել են Կիևյան կամրջի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Շիրակ և Բաբաջանյան փողոցների լուսավորությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, որի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:

Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:
«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:
Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:

Տեսանյութ

Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության
Տեսնել ավելին