ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

18.11.2019

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ:

Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտե՞ղ, ի՞նչ ձևով և ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն: Կարևոր շեշտադրում՝ խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է:
«Օրինագծով սահմանվելու է նաև ժամային ռեժիմ: Ենթադրվում է, որ գործունեությունը կթույլատրվի մինչև 23:00-ն, որից հետո տնտեսվարողները պետք է ազատեն զբաղեցրած տարածքները, որպեսզի պահպանվի շրջիկ առևտրի գաղափարը»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը:
Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաև այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առևտուրը: Ասենք, օրինակ, կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների և կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առևտրի շրջիկ կետեր չեն լինի:
«Ցավոք, այսօր շատ դեպքերում, դպրոցների, համալսարանների դիմաց կայանած են մեքենաներ, որոնցից վաճառում են ալկոհոլ»,-ասում է ԱԺ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
Ընդամենը 3 ամիս առաջ Երևանում գույքագրվել էր շրջիկ առևտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է: Սակայն շատ դեպքերում ոչ բոլորը կետերը կարելի է անվանել շրջիկ:
Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաև դիտողություններ:
«Շատ կարևոր է, որ օրենսդրությամբ կարգավորվի, որովհետև օրեցօր շատանում են նման կետերը և դա խնդիրներ է առաջացնում: Սակայն ունենք նաև մեր վերապահումները: Օրինակ, ի՞նչ տարբերություն քաղաքապետարանի համար՝ այդտեղ մշտապես մեկ մեքենա կանգնած կլինի, թե՞ ռոտացիայի սկզբունքով է կփոխվեն»,- ընդգծում է շարժական սրճարանների միության նախագահ Արել Մելիքյանը:
Տնտեսվարողների միջև ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և բացառել կոռուպցիոն ցանկացած դրսևորում. սա է քաղաքային իշխանության նպատակը: Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որպեսզի ընտրությունը, թե որ տնտեսվարողը, որտեղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Ամեն առևտրի կետ ինքն է որոշելու, թե վաղը կամ մյուս օրը որտեղ է կայանելու և, այսպես ասած, ամրագրելու է իր տեղը: Սա շատ ճկուն մեխանիզմ է, որովհետև մենք չենք ուզում, որ այդ առևտրի կետերը վերածվեն մշտական կետերի: Դա լինելու է մրցակցության սկզբունքով. ով առաջինը գրանցվեց՝ նա էլ կկանգնի տվյալ տեղում»,- շեշտում է Կարեն Համբարձումյանը:
«Տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար կլինեն որոշակի արտոնություններ, ինչը հիմա փաստացի չկա: Տվյալ վայրերում կտրամադրվի էլեկտրականություն, հատուկ աղբամաններ»,-հավելում է Սիսակ Գաբրելյանը:
Շրջիկ առևտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն և կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաև տեղական տուրք՝ ամիսը մինչև 50 հազար դրամի չափով: Սակագները կենտրոնում և ծայրամասերում կլինեն տարբեր:
«Նախագիծն օրենք դառնալուց հետո կարգավորվելու է շրջիկ առևտուրը, իսկ ապօրինի, առանց թույլտվության առևտուր իրականացնող կետերը տարհանվելու են և ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,-տեղեկացնում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քաղաքային իշխանությունը ևս մեկ անգամ կհանդիպի տնտեսվարողներին՝ ներկայացնելու փոփոխություններն ու քննարկելու խնդրահարույց կետերը: Հնարավոր է, որ 2020թ. հունվարին օրենք ընդունված լինի:
«Կամրագրվի որոշակի ժամկետ, որպեսզի ավագանին սահմանի կարգը, նաև տնտեսվարողներն էլ պատրաստվեն: Խոսքը մոտավորապես 3-4 ամսվա մասին է»,-նշում է Սիսակ Գաբրելյանը:
Քաղաքային իշխանությունը մեկ անգամ ևս հորդորում է տնտեսվարողներին՝ սպասել օրենսդրական կարգավորումներին և խուսափել ավելորդ ծախսերից:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player