Ստորագրվեց 2011-2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

24.02.2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը փետրվարի 24-ին համաձայնագիր են ստորագրել 2011-2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկաթուղային տրանսպորտի բնագավառում և մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքների քաղաքային օբյեկտների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում։ Գնահատելով ընկերության դերը սոցիալական պատասխանատվության և քաղաքացիական ակտիվ դիրքորոշման հարցում` Երևանի քաղաքապետը նշել է, որ համաձայնագիրը բազմակողմ է և, ընդհանուր առմամբ, լավ հող է նախապատրաստում համատեղ ծրագրերի իրականացման համար: Կ. Կարապետյանը կարևորել է նախատեսվող ծրագրերի սոցիալական նշանակությունը մայրաքաղաքի բնակչության համար և հույս է հայտնել, որ քաղաքային իշխանության և բիզնես կառույցի համագործակցության այս օրինակը, լավ իմաստով, վարակիչ կդառնա գործարար համայնքի համար: Շնորհակալություն հայտնելով համագործակցության առաջարկի համար` Շևկետ Շայդուլինն իր խոսքում նշել է, որ փոխշահավետ գործակցությունն արդեն շուտով ցույց կտա իր արդյունքները։ <<Համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, սակայն իմ կարծիքով ամենակարևորն այն է, որ այդ ամենն արվելու է Երևանի բնակչության համար հարմարավետություն ապահովելու նպատակով>>,- ասել է Շայդուլինը։
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է քաղաքամերձ և քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի և մետրոյի, քաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ բազայի հիման վրա կազմակերպել Երևանի մետրոպոլիտենի և քաղաքային էլեկտրատրանսպորտի շարժակազմի վերականգնման և վերականգնողական աշխատանքները։ Բացի այդ, նախատեսվում է 25%-ից մինչև 50% զեղչեր սահմանել երկրի ներսում գնացքով երթևեկող ուսանողների համար: Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ-ն տեխնիկատնտեսական հաշվարկներ կներկայացնի <<Մանկական երկաթուղու>> ընդլայնման (նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։ Համագործակցության շրջանակում կողմերը կուսումնասիրեն <<Ալմաստ>> գործարանի շրջակայքում Երևան - Հրազդան - Երևան ուղղությամբ երթևեկող էլեկտրագնացքի համար ուղևորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։ Երևանի քաղաքապետարանի հետ կդիտարկվի նաև առողջապահական ոլորտում համայնքային բուժհաստատություններից մեկի հիման վրա համատեղ բժշկական հաստատության ստեղծման հնարավորությունը՝ հետագայում այն ժամանակակից բուժարանի վերափոխելու նպատակով, որը բժշկական ծառայություն կմատուցի ինչպես մայրաքաղաքի բնակչությանը, այնպես էլ ընկերության աշխատակիցներին։ Ընկերությունը կաջակցի նաև մայրաքաղաքի Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում մասնագիտական դասընթացների կազմակերպմանը և համակարգչային դասարանի ստեղծմանը։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ստորագրվեց 2011-2015թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր