Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանին

14.09.2016

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 12-ամյա Մամիկոն Ղարիբյանին: Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան սանն այս տարի մասնակցել է շախմատի Եվրոպայի առաջնությանն ու դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ողջունելով պատանի շախմատիստին` քաղաքապետը նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ է մաղթել նրան, նաև համոզմունք հայտնել, որ Մամիկոնը միջազգային հարթակներում շարունակելու է բարձր պահել Հայաստանի պատիվը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատանի շախմատիստը նշել է, որ Եվրոպայի առաջնությանն իր մասնակցությունն արդեն իսկ պարտավորեցնող էր, իսկ հաղթանակը ևս մեկ խթան՝ շախմատային նորանոր բարձունքներ նվաճելու համար:
Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի հստակ ու նպատակային քաղաքականությունը՝ ուղղված մայրաքաղաքում շախմատի զարգացմանը, Մամիկոն Ղարիբյանի հայրն ու մարզիչն էլ նշել են, որ տաղանդաշատ երեխաների հայտնաբերման հարցում այն իսկապես հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը լինելու է շարունակական:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ