Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին. ավագանու հերթական նիստն է կայացել

08.09.2020

Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին գումարեց 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված էր 17 հարց:

***
Ավագանու որոշմամբ Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց Սերգեյ Ներսեսյանը, որը փոխարինելու է հուլիսին պաշտոնին հրաժեշտ տված Հայկ Սարգսյանին։ Նախքան ընտրությունը՝ թեկնածուն պատասխանեց ավագանու անդամների հարցերին։
***
Մեկ այլ որոշմամբ ավագանին սահմանեց Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը։ Որոշման համաձայն, շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։ Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:
***
Երևանի Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի՝ Բեյրութի փողոցից Զաքյան փողոց ձգվող հատվածում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. այն իրականացվում է Կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել, որում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը:
***
Երևանի Ռաֆայել Իսրայելյանի հ.37 շենքի հարևանությամբ կտեղադրվի հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող: Ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները:
***
Օգոստոսի 4-ին Երևանի քույր քաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Լիբանանից մշտական բնակության նպատակով Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ ու մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020թ. բոլոր տեղական տուրքերի և վճարների նկատմամբ ավագանու որոշմամբ սահմանվեց արտոնություն՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն այսուհետ կկրի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային-ազատագրական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունը՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։ Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 20-ին:

Լուսանկարներ