Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը

11.06.2022

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 250 ծառ: Պատասխանատու, միևնույն ժամանակ բարդ լուծումներ պահանջող ծրագիրն այլևս իրականություն է:

«Նախագծի վրա նախապես աշխատել են փորձագետներ, դենդրոլոգներ, կազմվել է ընդհանուր գրաֆիկական պատկեր, որն արդեն իրականություն է դառնում: Որոշ ժամանակ անց եռաչափ այն պատկերը, որ ստացել էինք արդեն լիովին կտեսնենք տեղանքում»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դիզայներ Աիդա Հովսեփյանը:

«Այս տարածքը բավականին բարդ էր կանաչապատելը, բայց ինչպես տեսնում եք, մենք հաղթահարեցինք այդ բարդությունները և այս պահի դրությամբ արդեն ունենք արդյունք, ունենք կպչողականություն: Սա մշտական գործընթաց է, որը շարունակվելու է նաև աշնանը»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:

8.5 հա համայնքապատկան հատվածում դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Տունկ առ տունկ, հատված առ հատված իրականացվող գործընթացն արդեն իսկ արդյունքներ է գրանցում: Մասնագետները գոհ են ծառերի կպչողականությունից:

«Բոլոր ծառերը տեղադրել ենք փակ արմատային համակարգով, բայց ամառվա այս շոգին նույնիսկ այդ դեպքում հնարավոր է և կորուստներ լինեն, այսօրվա դրությամբ մշտադիտարկում եմ արել՝ 85-90% կպչողականություն ենք ապահովել»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 մեքենա աղբ: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվեց ոռոգման ցանցի խնդիրը: Ջրի հասանելիությունը տարածք ապահովելու նպատակով իրականացվեց ջրագծի փոխարինում:

Հերթական ծառատունկին միացել են բոլոր վարչական շրջանների կանաչապատման ստորաբաժանումերի աշխատակիցները:

Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս գոտու են բաժանել: Ծրագրի երեք փուլի արդյունքում շուրջ 670 ծառ և թուփ է տնկվել: Հաջորդ ծառատունկը կլինի աշնանը:

Տեսանյութ

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը
Տեսնել ավելին