Վարչական շրջանների 2020թ. ծրագրերով բարեկարգվում են բակերը, պուրակներն ու մայթերը

06.07.2020

Շենգավիթում գտնվող Պատկանյան փողոցի բնակիչները բարեկարգ բակի ու պուրակի մասին չէին համարձակվում անգամ երազել։ Ամեն ինչ փոխվեց ամիսներ առաջ, երբ վարչական շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ անխնամ տարածքը մաքրվեց, հետո էլ սկսեց բարեկարգվել։

«Այս տարածքը, ժողովրդի լեզվով ասած, «Ղռերի փոսն» է, որտեղ միայն սեփական տների հատվածն է: Այգի կամ պուրակ այստեղ երբևէ չի եղել»,- ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանը:
Շուրջ 2000քմ պուրակում կկառուցվի խաղահրապարակ՝ փոքրերի, զբոսանքի ճեմուղիներ՝ երիտասարդների, զրուցարան՝ մեծերի համար։ Բարեկարգումից հետո տարածքը նաև կկանաչապատվի, կտնկվեն ծառեր։ Պուրակը կլուսավորվի ժամանակակից, արևային էներգիայով աշխատող լուսատուներով։
Նախկին ավտոտնակների ու քաղաքացիների զբաղեցրած, ցանկապատած տարածքների փոխարեն ավանցիները ևս հանգստի նոր գոտիներ կունենան։
«Նախատեսված է երեխաների համար խաղահրապարակ կառուցվի, նաև ֆուտբոլի դաշտ, որոնք կլինեն ընդհանուր և կծառայեն բոլորին»,- նշում է Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը:
Հերթական բենզալցակայանի կամ այլ շինության փոխարեն Դավթաշեն – Աշտարակ ճանապարհահատվածին անմիջապես հարող հատվածն արդեն ցանկապատով առանձնացել է։ Այստեղ փոքր այգի են հիմնելու։
«Նախկին Դավիթաշեն  գյուղի տարածքում բակային ազատ ու բարեկարգ հատվածներ չկան: Դրա համար էլ որոշեցինք ստեղծել նոր գոտի»,- մանրամասնում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Մայրաքաղաքի վարչական շրջանների այս տարվա ծրագրերով նախատեսվում է բարեկարգել 65 բակային տարածք, կկառուցվի 9 այգի-պուրակ։ Բարեկարգվող տարածքները կունենան ոռոգում:
Վարչական շրջաններում իրականացվող աշխատանքները տեսնելով՝ երբեմն նաև անհատ բնակիչներն ու տնտեսվարողներն են ձեռք մեկնում համայնքին։
«2500քմ տարածքը, որը բնակիչները զավթել էին, նրանց իսկ համաձայնությամբ մաքրեցինք, ազատեցինք և մինչև սեպտեմբեր կունենանք հանգստի նոր անկյուն»,-ասում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Վարչական շրջանների տարեկան ծրագրով նորոգվում են նաև մայթերը, փոխվում եզրաքարերը, սալիկները, կատարվում ասֆալտապատում: Որոշ հատվածներում միանգամայն նոր մայթեր են կառուցվում։
Աջափնյակի՝ գերեզմաններ տանող ճանապարհը երբևէ մայթ չի ունեցել: Շուրջ 1կմ հատվածի մայթի շինարարությունն ավարտված է։ Նոր եզրաքարերով, ասֆալտապատ ու հարմարավետ մայթ կունենան նաև Մարգարյան փողոցի նրբանցքի բնակիչները։
Նորոգվում ու հետիոտնի համար ավելի անվտանգ են դառնում նաև Նուբարաշենի փողոցները:
«Վարչական շրջան մտնող ճանապարհի եզրաքարերն ամբողջությամբ կոտրված էին և կարելի է ասել՝ գրեթե բացակայում էին: Այս հատվածի մայթի նորոգումը կարևոր էր նաև այն առումով, որ ճանապարհը տանում է դեպի կանգառ և քաղաքացիների տեղաշարժն այստեղ բավական մեծ է: Այսպիսով առաջնահերթորեն ապահովում ենք մեր բնակիչների անվտանգությունը: Նորոգվում է նաև 11-րդ փողոցի մայթը»,-նշում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյան:
Ընդհանուր առմամբ վարչական շրջանների մայթերը նորոգելու և շինարարության այս տարվա ծրագրում ներառված է 41 փողոց:
Թեև մայթերի նորոգման գործի մեծ մասն այս տարի վարչական շրջաններին է վստահված, Երևանի քաղաքապետարանը շինբարեկարրգման ծրագրով 50 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին: Աշխատանքներ են տարվում նաև ճանապարհներ նորոգելու ծրագրով:

Տեսանյութ

Վարչական շրջանների 2020թ. ծրագրերով բարեկարգվում են բակերը, պուրակներն ու մայթերը