Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքի էներգետիկ պատասխանատուների համար

16.06.2022

Երևան hամայնքում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում էներգետիկ պատասխանատուների համար իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ կյանքի կոչվող նախագիծն ընդգրկում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության շուրջ 320 հասարակական օբյեկտ՝ մանկապարտեզներ, առողջապահական հիմնարկներ, մարզադպրոցներ, գրադարաններ, մշակութային կենտրոններ, թատրոններ, երաժշտական և արվեստի դպրոցներ, վարչական և գերատեսչական շենքեր ու շինություններ:


Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը նշել է, որ դասընթացների նպատակը էներգետիկ պատասխանատուների մասնագիտական ներուժը, հմտություններն ու կարողությունները համախմբելն ու զարգացնելն է. «Էներգետիկ կառավարման համակարգ ներդնելու հիմնական նպատակը էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգված իրականացումն է, շենքերում հարմարավետությունն անհրաժեշտ մակարդակի բերելը, էներգաարդյունավետության առկա ներուժը գնահատելը, ինչպես նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսների և ջրի սպառումը վերահսկելն ու մոնիթորինգի իրականացումը: Վստահ եմ՝ համատեղ ուժերով, մեր գործընկերների հետ միասին մենք կկարողանանք ապահովել ծրագրի լիարժեք իրագործումը»:


«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանն իր հերթին նկատել է, որ համայնքի հետ հաջողված գործակցությունը հնարավորություն է տալիս Երևանում ընդլայնել էներգախնայողությանն ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի ծավալները: Վերապատրաստման դասընթացներն իրականացրել են Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, Երևան համայնքի էներգետիկ կառավարիչն ու ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի փորձագետները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին