Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն

04.07.2022

Հաճախ նման հարցերով քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարան կամ վարչական շրջաններ: Մինչդեռ օրենքով բազմաբնակարան շենքը բնակիչների ընդհանուր սեփականություն է, հետևաբար նաև դրա պահպանումն ու շահագործումը բնակչի պարտավորությունն է:

 

«Բոլոր տեսակի ծախսային մասերն իրականացնում են պատասխանատուները, բայց որպեսզի այդ աշխատանքները համակարգված լինեն, գոյություն ունեն համատիրություններ կամ լիազոր կառավարիչներ, որոնք բաժնային սեփականատերերի փոխարեն գործունեություն են իրականացնում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:


Շենքերի պահպանման համար բնակիչները ձևավորում են համատիրություն, ընտրում նախագահ, կառավարիչ: Օրենքը թույլ է տալիս սահմանել նաև ամենամսյա վճար: Գումարի չափը որոշում են իրենք՝ բնակիչները՝ ընդհանուր ժողովներում: Վարչական շրջաններում այն տարբեր է՝ 25-45 դրամ՝ 1 քմ համար:


«Մեզ մոտ հավաքագրումը բացառապես անկանխիկ եղանակով է: Կա հաշվեհամար, բնակիչները փոխանցում են»,-ասում է «Նոր Ավան» համատիրության նախագահ Արսեն Սուլթանյանը:


«Մեզ մոտ մարդիկ հիմնականում հրաժարվում են փոխանցումով վճարել»,-նշում է մեկ այլ համատիրության նախագահ Մանվել Մկրտչյանը:


«Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր հաշվեհամարը և հավաքագրումն իրականացվի միայն փոխանցումներով»,-ընդգծում է Արսեն Կարոյանը:


Ամեն ամսվա վերջում համատիրությունները բնակիչներին պետք է ներկայացնեն հաշվետվություն, թե որքան գումար է հավաքագրվել, որքան ծախսվել ու ինչի համար: Տեղեկատվությունը սովորաբար փակցնում են շենքերի մուտքերի մոտ, սակայն դրանք հաճախ պատռվում ու աղբամանում են հայտնվում: Որոշ համատիրություններ այսօր թղթային հաշվետվությունից հրաժարվել են. ծանուցումներն անում են էլեկտրոնային:


Երևանում այսօր գործում է ավելի քան 250 համատիրություն: Դրանք կառավարում են մոտ 5000 բազմաբնակարան շենքերը: Վերահսկել, թե ինչպես են ծախսվում հավաքված գումարները՝ համայնքն իրավասություն չունի. բնակիչների իրավունքն է ու պարտականությունը:


«Քաղաքապետարանը միայն վերահսկող գործառույթ ունի, բայց տվյալ շենքի բաժնային սեփականատերերի ֆինանսական դաշտ մտնելու ոչ մի լիազորություն չունի: Մեր վերահսկողությունը կայանում է համատիրությունների պարտադիր նորմերի կատարման նկատմամբ հսկողությամբ, որպեսզի շեղումներ չունենան»,-ասում է Արսեն Կարոյանը:


Համատիրությունների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունն ամրացնելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Բայց որևէ համակարգ չի կարող գործել, եթե բնակիչը չկատարի իր պարտավորությունը և չլինի պահանջատեր:


Հաշվի առնելով բնակչության սոցիալական խնդիրները՝ այսօր քաղաքապետարանն իր ուսերին է վերցրել վերելակների փոխարինման ծրագիրը: Համայնքն աջակցում է նաև տանիքների, մուտքերի նորոգմանն ու շենքերի առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը: Սակայն կարևոր է, որ յուրաքանչյուր բնակիչ գիտակցի. այս ամենը համայնքի պարտավորությունը չէ:

Տեսանյութ

Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն