«Վերջին զանգի» միջոցառումներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում

26.05.2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական միջոցառումներ: Հարազատ դպրոցին հրաժեշտ են տվել նաև քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների՝ ավարտական 9-րդ դասարանի աշակերտները: 

Միջոցառումների շրջանակում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, որը վերջին դասի և վերջին զանգի միջոցառումներին ներկա գտնվող Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները փոխանցել են աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 12-րդ դասարանի աշակերտների ավարտական հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Փոխանցելով Երևանի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները, վաղն արդեն մտնելով կյանքի նոր փուլ, իրենց ներդրումը պետք է ունենան մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:
Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով:
Ի դեպ նշենք, որ 2016-2017թթ. ուսումնական տարում համայնքային դպրոցներն ավարտում է 8160 աշակերտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ