Սանկտ Պետերբուրգում կկառուցվի <<Երևան>> առևտրի տուն

03.07.2013

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում <<Առևտրի տուն <<Երևան>>>> առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաև Սանկտ Պետերբուրգում <<Երևան>> առևտրի տան կառուցումը:
<<Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք ևս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը և Երևանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում <<Սանկտ Պետերբուրգ>> հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները ևս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ <<Երևան>> առևտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:
Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում: Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաև 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ