ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպություն

2006թ. հունվարի 8-ից Երևանն անդամակցում է Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը: Երևանի անդամակցումը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը կարևոր է հուշարձանների պահպանության ու փորձի փոխանակման առումով:
Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությունը հիմնադրվել է 1993թ.Մարոկկոյի Ֆեզ քաղաքում՝ հիմք ընդունելով 1972թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի` համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրը:
Կազմակերպության նպատակն է նպաստել գիտելիքների և փորձի փոխանակմանն ու տարածմանը` հոգալով մարդկության պատմամշակութային արժեքների պահպանությունը:
Կազմակերպությանն անդամակցում են 280 քաղաքներ, որոնցում տեղակայված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկում ներգրավված վայրեր: Համաշխարային պատմական ժառանգության 280 քաղաքների բնակչության ընդհանուր թիվը կազմում է շուրջ 164 մլն: Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության գլխամասային գրասենյակը տեղակայված է Կանադայի Քվեբեկ քաղաքում: Կազմակերպությունը կազմակերպում է մի շարք հանդիպումեր՝ համաշխարհային կոնֆերանսներ, սեմինարներ, պատմական քաղաքների պահպանման և զարգացման ռազմավարությունների մշակման և կառավարման նպատակով: Գլխավոր ասամբլեան տեղի է ունենում 2 տարին 1 անգամ: Տնօրենների խորհուրդը բաղկացած է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված քաղաքապետերից, որոնք հանդիպում են տարին մեկ անգամ:
Գլխավոր քարտուղարությունը գլխավորում է գլխավոր քարտուղարը, որին նշանակում է Գլխավոր Ասամբլեան: Գլխավոր քարտուղարության աշխատանքներին աջակցում են 7 տարածաշրքանային քարտուղարությունները՝
1. Ռեգենսբուրգ (Գերմանիա)` հյուսիս-արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների համար,
2. Բուդապեշտ (Հունգարիա)՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շրջանների համար
3. Կորդովա (Իսպանիա) ՝ Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան տարածաշրջանի համար
4. Վալպարայսո (Չիլի)՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի համար
5. Կազան (ՌԴ)՝ Եվրասիական տարածաշրջանի համար
6. Թունիս (Թունիս)՝ Աֆրիկայի և Միջին Արևելքի տարածաշրջանի համար
7. Գյոնգջու (Հարավային Կորեա)՝ Ասիա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:
Տարածաշրջանային քարտուղարությունների հիմնական առաքելությունն է ծառայել որպես կապ, որոշակի տարածաշրջանների անդամ քաղաքների և գլխավոր քարտուղարության միջև:
Կազմակերպության գլխավոր քարտուղարն է Դենիս Ռիկարդը:
Կազմակերպության պաշտոնական կայք՝ ovpm.org