ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սպորտ

Վարչության գործառույթներ
Սպորտ

Հայ գեղասահորդի հաղթանակը


2017թ. փետրվարի 9-12-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Sofia Trophy 2017» առաջնությունում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդ և ՀՀ հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Մեր մարզիկին մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

 

Քսան տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը շնորհավորել է նրանց գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Կարևորելով մայրաքաղաքում սպորտի զարգացմանն ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետևողական քաղաքականությունը՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նշել է.
«Ապագա չեմպիոններ ունենալու հարցում անչափ կարևոր է անհրաժեշտ պայմանների ապահովումն ու մշտական աջակցությունը: Ու, օգտվելով առիթից, ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն քաղաքապետ, որ հատկապես վերջին տարիներին Ձեր մշտական ուշադրության կենտրոնում եք պահում Երևանի մարզադպրոցների նորոգման և արդիականացման խնդիրը: Դրա ականատեսն ու գնահատողն ենք դառնում պարբերաբար Երևանում տարբեր մրցաշարերի կամ հավաքների մասնակցելիս ու անկեղծորեն ուրախանում ենք, որ Հայաստանի մայրաքաղաքում այդպիսի հոգատար վերաբերմունք կա սպորտի նկատմամբ»:

 

«Գոլֆը՝ մանկապատանեկան սպորտում»


Վերջին տարիներին գոլֆ մարզաձևը մուտք է գործել նաև մանկապատանեկան սպորտի ոլորտ։ Համահայկական 6-րդ խաղերի ծրագրում գոլֆ մարզաձևի ընդգրկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ 2014 թվականից Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում ուսուցանվում է գոլֆ մարզաձևը։ Պարապմունքներն անցկացվում են «Արարատ» գոլֆի ակումբի մարզադաշտում։ Ներկայումս պարապմունքներին մասնակցում է 30 երեխա։ Սկսած 2012 թվականից՝ գոլֆի խաղաշրջանի բացումը սկսում է «Վահագնի Օփեն» սիրողական մրցաշարով: Այս տարի գոլֆի խաղաշրջանի բացումը տեղի ունեցավ ապրիլի 17-ին, Հայաստանի գոլֆ մարզաձևի հիմնադիր Վահագն Հովնանյանի հուշամրցաշարով։ Մրցաշարի բացմանը ներկա էին «Հայջրմուղ կոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, «ՍԱՈՒՂ» ընկերություն միջազգային կապերի բաժնի պետ Պատրիկ Ալլանոն, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և պաշտոնատար, գործարար այլ անձինք: Միջոցառմանը հրավիրված էր նաև Եվրոպայի գոլֆի մարզիչների ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարզիչ Վոլտեր Վիտին, ով մարզադպրոցի սաների և սկսնակ գոլֆիստների համար անցկացրեց գոլֆի երկօրյա վարպետության դասեր։ Մրցաշարին մասնակցում էին 20 գոլֆիստներ՝ 2 ենթախմբով: Մրցակցային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և գավաթներով։ «Հայջրմուղ կոյուղի» և «ՍԱՈՒՂ» ընկերությունները մարզադպրոցի սաներին նվիրեցին գոլֆի մանկական մականներ:

 

 

2016թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը



2016թ. ընթացքում բաժինը կազմակերպել է Երևանի առողջարարական, հանրային, մարզական ու երիտասարդական միջոցառումների տարվա օրացուցային պլանով նախատեսված միջոցառումները։ Հունվարին և փետրվարին տարվել են բաժնի գործառույթներից բխող կազմակերպական աշխատանքներ։ Մշակվել, քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել Երևանի առողջարարական, հանրային, մարզական ու երիտասարդական միջոցառումների 2016թ. օրացուցային պլանը և ուղարկվել է Երևանի 12 վարչական շրջաններին։ Մարտին աննախադեպ իրադարձություններ արձանագրվեցին մայրաքաղաքի մարզական կյանքում. առաջին անգամ մայրաքաղաքում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում անցկացվեց գեղասահքի Երևանի առաջնություն, որին մասնակցեց 50 գեղասահորդ՝ չորս տարիքային խմբում։ Աղջիկների և տղաների մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված գեղասահորդները պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով։ Մարտի 3-ին աշխարահռչակ կանադացի գեղասահորդ Էլադջ Բալդեն գեղասահքի սահադաշտում անցկացրեց վարպետության դաս՝ մարզադպրոցի սաների մասնակցությամբ։ Մարտին անցկացվեցին Երևանի առողջարարական, հանրային, մարզական ու երիտասարդական միջոցառումների 2016թ. օրացուցային պլանով նախատեսված բասկետբոլի, շաշկու, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սեղանի թենիսի, հանդբոլի Երևանի առաջնությունները։ Ապրիլին «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի Երևանի 2016թ.առաջնությունը։ Հայաստանի գոլֆ մարզաձևի հիմնադիր Վահագն Հովնանյանի հուշամրցաշարով տեղի ունեցավ գոլֆի խաղաշրջանի բացումը, ապրիլի 28-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել է անվանի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարը։ Մայիսին «Հրազդան» մարզադահլիճում անցկացվեց բադմինթոնի, «Կիլիկիա» մարզադահլիճում՝ վոլեյբոլի Երևանի 2016թ. առաջնությունները, «Դինամո» մարզադահլիճում՝ արևելյան մարզաձևերի փառատոնը, «Հայաստան» մարզական միության մարզակառույցում՝ Երևանի ուսումնարանների և քոլեջների ուսանողների սպարտակիադան։
Ամռան ամիսներին բաժինը կազմակերպել է Երևանի 2016թ. օրացուցային պլանով և «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումները. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ Երևանի մանկական զբոսայգում։ Նախապատրաստվել ու անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի քաղաքային փուլը և պատշաճ մակարդակով ապահովվել Երևանի մարզական պատվիրակության մասնակցությունը հանրապետական փուլին Ծաղկաձորում։ Երևանի թիմը ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով ՀՀ նախագահի գավաթին։ Անցկացվեց Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» 2016թ. համաքաղաքային բակային ավանդական փառատոնը՝ ութ մարզաձևի մրցաշարերով, որում երրորդ անգամ հաղթող ճանաչվեց Աջափնյակ վարչական շրջանը, նվաճելով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը, որը, կանոնակարգի համաձայն, մշտապես կհանգրվանի Աջափնյակում։ Անցկացվել են Երևանի առաջնություններ՝ Սևանա լճում վինդսերֆինգի, «Սպարտակ» մարզահամալիրում՝ աթլետիկայի։ Կազմակերպվել է մոտոկրոսի միջազգային առաջնություն՝ Լենինգրադյան-Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում։ Երևանի թիմը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» հանրապետական մրցույթին։ Օգոստոսի 30-ին «Ջրաշխարհ» համալիրում անցկացված «Երևանյան մարզական ամառ 2016» միջոցառումով եզրափակվեցին «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված մարզական միջոցառումները, որտեղ ամփոփվեցին նաև Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» 2016թ. համաքաղաքային բակային փառատոնի արդյունքները և պարգևատրվեցին մրցանակակիրները։
Սեպտեմբերին անցկացվել են Երևանի առաջնություններ. սուսերամարտի՝ Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում, գոլֆի՝ «Արարատ» գոլֆի ակումբի մարզադաշտում, ավիացիոն մարզաձևի՝ Արզնու օդանավակայանում։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են բասկետբոլի, սեղանի թենիսի, ծանրամարտի, լողի, շախմատի մրցաշարեր։
Հոկտեմբերի 8-ին՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնականկատարության շրջանակներում «Մարզական Երևան» խորագրի ներքո կազմակերպվել են մայրաքաղաքի տոնին նվիրված ինքնատիպ մարզական միջոցառումներ. Կարապի լճում ցուցադրական ելույթներով հանդես են եկել թիավարողներն ու առագաստանավորդները, իսկ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները մասնակցել են ֆլեշմոբի, Ազատության հրապարակում կազմակերպվել են սթրիթ վորքաութի, սուսերամարտի ցուցադրական ելույթներ, տոնական հեծանվավազքն այս տարի մեկնարկել է Արգիշտիի փողոցից և Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, «Մոսկվա» կինոթատրոնից սկիզբ է առել պարալիմպիական մարզիկների տոնական երթը. քաղաքապետարանի մոտ նրանց ողջունել ու տոնի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մանուշյանի պուրակում Երևանի շախմատի դպրոցների պատանի շախմատիստների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Հրայր Սիմոնյանը։ Հոկտեմբերին անցկացվել են հեծանվասպորտի, հրաձգության, ձյուդոյի, գեղարվեստական մարմնամարզության Երևանի առաջնություններ, ինչպես նաև՝ հանդբոլի կանանց հուշամրցաշար՝ նվիրված վաստակավոր մարզիչ Տիգրան Թերզիյանին։ Հոկտեմբերի 27-30-ը «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառման ծրագրով կազմակերպվել են պատանեկան մարզական խաղեր՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, շախմատ մարզաձևերից։ Նոյեմբերի 2-4-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար՝ նվիրված Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյաններին։ Նոյեմբերի երկրորդ կեսին՝ սպորտային պարերի և ակրոբատիկ մարմնամարզության Երևանի առաջնություններ, իսկ դեկտեմբերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդես և սպորտային մարմնամարզության առաջնություն։
Տարվա ընթացքում կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ. Վանաձորում՝ ակրոբատիկայի, հանդբոլի, Սիսիանում՝ վոլեյբոլի՝ Երևանի հավաքական թիմերի համար, իսկ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում՝ շախմատի Երևանի հավաքական թիմի համար։ Քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվել է մարզաառողջարարական հետիոտնային արշավ դեպի Վանաձոր։
2016-ին շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներ են բացվել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Այսպիսով՝ Երևանի բոլոր վարչական շրջաններն ունեցան իրենց շախմատի մարզադպրոցները։
2016թ. հիմնանորոգվել է 7 մարզադպրոց և 2 շախմատի դպրոց, 16 մարզադպրոց ստացել է մարզական, բժշկական և գրասենյակային գույք։
Բաժնի կողմից աշխատանքներ են տարվել և շարունակվում են նորաստեղծ շախմատի մարզադպրոցների, Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի ֆինանսական, տնտեսական, ուսումնական և գույք ձեռքբերելու գործընթացները կարգավորելու նպատակով։ 2016թ. օրացուցային պլանի ժամանակացույցի համաձայն՝ կազմվել և հաստատման են ներկայացվել միջոցառումների կանոնակարգերը, նախահաշիվները, տեխնիկական բնութագրերը, մրցույթի ներկայացվող փաստաթղթերը։

 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի

և երիտասարդության հարցերի բաժին