Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 ապրիլի 2024թ.  N 107-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ 
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ. 
      1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: 
    2) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ 2024 մարտի 25-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը: Համայնքի կողմից ապահովվել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը: Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը ներկայացրել է բացասական կարծիք, նշելով որ՝ «Նշված վայրում արդեն իսկ գործում են երկու խոշոր շինարարական կազմակերպություններ՝ բետոնի գործարաններով, որոնք ունեն մեկ ճանապարհ դեպի Թբիլիսյան խճուղի: Ծանր մեքենաների երթևեկությունից քանդված է ամբողջ ճանապարհը և, քանի որ այն ռելիեֆային է, հնարավոր չէ առանց գլոբալ հիմնանորոգման խնդրին տալ վերջնական լուծում: Արտանետված և մեքենաների կողմից բարձրացված փոշուց չորացել  են հարակից ծառերը և ընդհանրապես վերացել կանաչ  գոտիները: Ընկերությունը, որը տվյալ վայրում ուզում  է կառուցել նոր բետոնի գործարան, օգտվելու  է նույն ճանապարհից, հետևաբար դրա կառուցմամբ էլ ավելի կվատթարանա ինչպես ճանապարհի, այնպես էլ բնապահպանական խնդիրները: Տվյալ պարագայում գտնում ենք, որ ոչ միայն չպետք է կառուցվի նոր բետոնի գործարան, այլև պետք է առաջնահերթ ուսումնասիրման և քննարկման  առարկա դարձնել արդեն իսկ գործող շինարարական կազմակերպությունների կողմից առաջացրած բնապահպանական  լուրջ  խնդիրները»:
    2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


 

2024թ. ապրիլի 16
      Երևան