Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2020 թվական N 315-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերն օգտագործման, այդ թվում` սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման հողային, քաղաքացիական օրենսգրքերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմանը և հողային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերին համապատասխան.
2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների (մասերի) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքից.
3) ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմանը համապատասխան.
4) քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, համայնքային և (կամ) պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված և համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի N 172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշումներին համապատասխան.
5) հողամասերն անհատույց օգտագործման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մինչև 99 տարի ժամկետով, բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Հողամասերի սահմանափակ օգտագործումը (սերվիտուտ) կարող է լինել ժամանակավոր` մինչև 99 տարի ժամկետով, կամ մշտական.
6) հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման համար հողամասերի ուղղակի վաճառքի դեպքում ձեռք բերողների համար կարող է սահմանվել նաև տարաժամկետ վճարման իրավունք.
7) հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում է հողային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 23
Երևան