Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025թ. N 329-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑ 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ. 13/7 ՀԱՍՑԵՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՔՍԱՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ՋԻ ՎԻ ԱՅ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N 430-Ն հրամանով հաստատված ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի համաձայն՝ բանեցված ավտոմոբիլային յուղերը դասվում են վտանգավորության 3-րդ դասի թափոնների շարքին: Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) 128-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ III-IV վտանգավորության դասերի թունավոր թափոնների տեղակայման, վնասազերծման, մշակման, արտադրության և սպառման օբյեկտները դասակարգվում են երկրորդ (II) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ շարքին: Նորմերի 116-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար՝ կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը՝ (...) 2) երկրորդ (II) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 500 մ: Նորմերի 77-րդ կետի համաձայն՝ սանիտարապաշտպանական գոտին սահմանվում է քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ներգործության աղբյուրներից կամ արտադրական գործունեություն իրականացնելու համար օբյեկտին տրամադրված (պատկանող) հողամասի սահմանագծից։ Տվյալ նախատեսվող գործունեության դեպքում հնարավոր չէ հստակեցնել մոտակա բնակելի շինության հեռավորությունն արտադրական օբյեկտից, քանի որ նախառեձնողը չի ներկայացրել արտադրական գործունեություն իրականացնելու համար օբյեկտին տրամադրված (պատկանող) հողամասի սահմանագծերը:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. ապրիլի 22
Երևան