Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 փետրվարի 2026թ. N 496-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետից հետո լրացնել նոր 18.1-ին և 18.2-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կիրառելով զրոյական դրույքաչափ (արդյունքում` 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար տեղական վճարը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ), եթե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի ակտը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվել է Երևանի քաղաքապետարան մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և այն հանձնաժողովի կազմում ընդգրկված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով, urban.e-gov.am հարթակի միջոցով` էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվել է 2026 թվականի հունվար ամսվա ընթացքում:
18.2) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 459-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կիրառելով զրոյական դրույքաչափ (արդյունքում` 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար տեղական վճարը սահմանվում է 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ), եթե աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար դիմումը դիմումատուի կողմից ներկայացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և մինչև նշված օրը Երևանի քաղաքապետարան ներկայացվել են նշված օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. փետրվարի 10
Երևան