Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 ապրիլի 2026թ. N 546-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի
N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով դիմում՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը,
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
4) ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկ՝ սույն հավելվածի 3-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան,
5) ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
4. Դիմումների վերաբերյալ սահմանված կարգով և 3 աշխատանքային օրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն եզրակացություն են ներկայացնում Երևանի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը` «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների առկայության և Երևան համայնքի նկատմամբ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը՝ սույն հավելվածի 8-16-րդ կետերով սահմանված պահանջների կատարման մասին։
5. Եթե թույլտվությունը ստանալուց հետո սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել, ապա հաջորդ տարիներին տվյալ սեզոնի դիմումի վերաբերյալ սույն հավելվածի 4-րդ կետով նշված ստորաբաժանումների կողմից եզրակացություններ չեն տրամադրվում, իսկ դիմումին կից ներկայացվում են միայն տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
6. Դիմումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, բացառությամբ եթե պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ Երևանի քաղաքապետարանի կողմից ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկն ուղարկվել է պետական լիազոր մարմին՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, որի դեպքում դիմումը քննարկվում է 30 օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,
2) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, սակայն դրանք չեն համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին,
3) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն,
4) սույն հավելվածի 4-րդ կետով նշված մարմինների կամ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկի վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստացվել է բացասական եզրակացություն։»։
2. Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո թույլտվություն ստանալու համար ներկայացվող դիմումների վրա:
4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. ապրիլի 21
Երևան