Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 ապրիլի 2026թ. N 549-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի
N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N690-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն կարգի իմաստով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ են համարվում նաև մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործող «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքների հիման վրա հաշվարկված գույքահարկը և հողի հարկը:».
2) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Երևան քաղաքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված), անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով (այդ թվում՝ գույքահարկով ու հողի հարկով) հարկման օբյեկտ հանդիսացող գույքի (ներառյալ՝ հողի) մասով՝ արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո: Սույն կետին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած անշարժ գույքի հարկի գծով արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը, իսկ փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության գումարը՝ տվյալ հարկային տարվա համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:».
3) 3.3-րդ կետից հետո լրացնել նոր 3.4-րդ և 3.5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.4. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև՝
1) Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով, եթե առկա չեն գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ.
2) Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող հողերի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով, եթե առկա չեն հողի հարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ.
3) Երևան քաղաքի վարչական տարածքում ֆիզիկական անձանց անվամբ գրանցված և մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարված և օտարող ֆիզիկական անձի սեփականության իրավունքի դադարումը պետական լիազոր մարմնի կողմից գրանցված փոխադրամիջոցների մասով հաշվարկված և չվճարված հարկի (ապառքի) և հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով:
3.5. Սույն կարգի 3.4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված արտոնությունները կարող են կիրառվել, եթե նույն ենթակետերով սահմանված հարկի (ապառքի) մասով պարտավորությունները կատարվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
4) 4-րդ կետում «բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով» բառերով.
5) 8-րդ կետում «բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով» բառերով.
6) 9-րդ կետում «3.1-ին կետով» բառերը փոխարինել «3.1-ին և 3.4-րդ կետերով» բառերով.
7) 13-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում «բացառությամբ սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն կարգի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման դեպքերի, եթե արտոնությունը սահմանվում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. ապրիլի 21
Երևան