Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

21.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 դեկտեմբերի 2016թ. N 655-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ


«ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 954-967-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N1214-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև 2016 թվականի նոյեմբերի 10-ին կնքված արձանագրությունը և «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասի սեփականատիրոջ 2016 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 14/12 որոշումը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրատվություն Տիգրան Հարությունյանից ընդունել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասը՝ 1000 (մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով 100 (մեկ հարյուր) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝
1) ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող Երևանի ենթակայության «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` հավատարմագրային կառավարիչ).
2) Երևան համայնքի անունից հավատարմագրային կառավարչի հետ կնքել Ընկերության Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագիր (այսուհետ նաև` պայմանագիր), մինչև տաս տարի գործողության ժամկետով, հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր:

3. Սահմանել պայմանագրի հետևյալ էական պայմանները.
ա. հավատարմագրային կառավարչի ամսական վարձատրության չափը՝ 7000000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ ԱԱՀ:
Պայմանագրում նախատեսել նաև, որ. եթե ընթացիկ տարվա ընթացքում Երևանի համայնքի բյուջե մուտք եղած՝ ավտոկայանատեղի տուրքի և դրա չվճարման հետևանքով գանձված տուգանքի գումարի ընդհանուր համագումարը կգերազանցի 1200000000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը, ապա հավատարմագրային կառավարչին, որպես լրացուցիչ վարձատրություն, վճարման է ենթակա 1200000000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարի 10 %-ի չափով գումար: Երևանի համայնքի բյուջե 1200000000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամից պակաս գումար մուտքագրված լինելու դեպքում հավատարմագրային կառավարիչը վճարում է տուգանք՝ հավաքագրված և 1200000000 (մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի տարբերությունը կազմող գումարի 10%-ի չափով, որը հաշվանցվում է հավատարմագրային կառավարչին վճարման ենթակա վարձատրության գումարներից:
բ. առանց հավատարմագրային կառավարման հիմնադրի գրավոր համաձայնության Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը չօտարելու, գրավ չդնելու, վարձակալության չհանձնելու և փոխառություն չտրամադրելու մասին դրույթը:
3. Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանել, որ հավատարմագրային կառավարիչն ընդունում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Ընկերության կանոնադրությանը համապատասխան Ընկերության բաժնետոմսերով հավաստված հետևյալ իրավունքները.
1) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և խորհրդի իրավասությանը վերապահված որոշումները գրավոր ձևով, հետևյալ հարցերով միանձնյա ընդունելու իրավունքը.
ա. Ընկերության գործադիր մարմնի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ. ժողովի վարման կարգը, հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
գ. տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, ժողովների օրակարգի հաստատումը, ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը.
դ. գույքի շուկայական արժեքի որոշումը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.
ե. Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.
զ. Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
է. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
ը. Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը.
թ. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.
ժ. Ընկերության հաստիքացուցակի հաստատումը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ


2016թ. դեկտեմբերի 21
Երևան