Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 հունիսի, 2023 թվական N 815-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
 N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի՝
1) 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.1-ին և 5.2-րդ ենթակետեր.
«5.1) Կառուցապատողը շինարարության ողջ ընթացքում շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք, ճարտարապետաշինարարական նախագիծ, շինարարության թույլտվություն, համապատասխան վերահամաձայնեցումներ, հեղինակային, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և կապալառու կազմակերպության կողմից վարվող մատյաններ և այլն) առկայությունը և դրանք տեղում ուսումնասիրելու հնարավորությունը, 
5.2) 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում Կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, որի տեխնիկական չափորոշիչները և հասանելիության պայմանները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ,».
2) 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7) կառուցապատման օբյեկտի շինարարական հրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը Կառուցապատողը պետք է մշտապես պահպանի մաքուր վիճակում, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս շինարարական աշխատանքների իրականացումը, շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը,».
3) 8-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ ենթակետեր.
«8.1) Կառուցապատողը պետք է կազմակերպի ավազի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկումը, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը՝ փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով,
8.2) շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում Կառուցապատողը պետք է կազմակերպի շենքերը և շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը,
8.3) եթե համաձայնեցված նախագծի պահանջներով առկա է բետոնի արտադրամասի կառուցում, ապա Կառուցապատողը պետք է կազմակերպի տվյալ օբյեկտի բարձրությամբ անթափանց թաղանթով ծածկումը,».
4) 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9)  շինարարական հրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար Կառուցապատողը պետք է կազմակերպի դրանց լվացումը շինարարական հրապարակի ելքի հատվածում՝ հատուկ մետաղական էստակադայի վրա,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա Կառուցապատողների կողմից շինարարական աշխատանքների իրականացման համար սույն որոշմամբ սահմանված լրացուցիչ պայմաններն գործում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 

2023թ. հունիսի 27
      Երևան